BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Զավակներս, ձեզ ո՜նց մենակ թողնեմ էս անիրավ աշխարհում»

«Զավակներս, ձեզ ո՜նց մենակ  թողնեմ էս անիրավ աշխարհում»
07.07.2015 | 10:20

Ամենայն հայոց հանճարեղ բանաստեղծը, հանճարեղ մարդը, հանճարեղ քաղաքացին չէր էլ կարող երևակայել, որ ոչ միայն լենինյան-ստալինյան այնքա՜ն անիրավ և ոճրապարտ 20-րդ դարում, այլև 21-րդ դարում կրտսեր գրչընկեր Եղիշե Չարենցի գռեհիկ, բամբասյալ, անպարկեշտ տողերով, գրականագետ Դավիթ Գասպարյանի թողտվությամբ ու օրհնությամբ, այնպես անիրավ կվարվեն սիրասուն զավակների, իր հերոսական ու հանճարեղ ցեղի հանդեպ։
1923 թ. մարտի վերջերին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում իր մահկանացուն էր կնքում մեծն Թումանյանը. մահվան մահճում բանաստեղծը, արցունքն աչքերին, խոր տխրությամբ վերհիշում է հայրենիքի համար նահատակված տաղանդավոր որդուն` Արտավազդին և պայծառատեսի անհանգստությամբ դիմում իրեն շրջապատած զավակներին` Արեգին, Աշխենին, Նվարդին` «զավակներս, ես ո՜նց ձեզ մենակ թողնեմ էս անիրավ աշխարհում»:
Թերթում ես 2012 թ. «Անտարես» հրատարակչության հրատարակած Ե. Չարենցի երկերի եռահատորի Գ հատորը (էջ 423-425) և ցնցվում ես կարդացածդ գռեհիկ, բամբասյալ, անպարկեշտ տողերից. որպեսզի անձամբ չարտաբերեմ այնքան վիրավորական, այնքան նողկալի այդ բառերն ու տողերը, ներկայացնեմ այն, ինչ տպագրված է, և թող ընթերցողը խորհի, արդյո՞ք կարելի էր այս աղտեղությունը (նաև 399-410 էջերում զետեղված սեքսուալ-պաթոլոգիկ զառանցանքը) տպագրել, ներկայացնել հանրությանը:
«Օրագրային գրառումներ», 14.03.1934 թ.
«Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...»
...Որքան չքնաղ տպավորություն են թողնում իմ վրա Տերյանի ձեռագրերը, որքան զզվելի, արգահատելի տպավորություն եմ ես ստանում Հ. Թումանյանի աղջիկներին տեսնելիս կամ նրանց հետ որևէ գործ ունենալիս:- Զարմանալի անհամապատասխան «ժառանգություն»... Այդքան գծուծ, արգահատելի, չարչիական և անմաքուր «ցեղ»- դժվար է երևակայել: Մանավանդ` Նվարդը... Եվ երևակայել, որ Տերյանը` այդ լուսավոր պոետը, սիրել է նրան և նվիրել որքա՜ն զմայլելի բանաստեղծություններ...»:
Դավիթ Գասպարյանը այս նողկալի տողերը տպագրության հանձնելիս թերևս պարտավոր էր մեկնաբանել, թե ինչ հանգամանքներից ելնելով է Չարենցը այդպես անզսպորեն բամբասում և անպատվում մեծ հայի ազնիվ, բարի, քաջազուն ցեղը, հանճարեղ մարդու սիրասուն զավակներին, հակառակ պարագայում ընթերցողը, նկատի ունենալով Չարենցի սեքսուալ-պաթոլոգիկ հոգեբանությունը, կարող է համապատասխան եզրակացություններ անել։
Չարենցը զարմանում է, թե Տերյանը ինչու է սիրել «արգահատելի», «գծուծ», «չարչի» Նվարդին և այնքան հրաշալի բանաստեղծություններ նվիրել: Նախ, Տերյանը Թումանյանի ընտանիքի, մասնավորապես Նվարդի հետ շփվել է Չարենցի գրառումներից 17-20 տարի առաջ, և այդքան տարիների հեռավորությունից իրոք զարմանալ կարելի է, թե ինչու է Չարենցը զարմանում լուսավոր պոետի զգացմունքների առիթով:
Ինչպես Թումանյանը սրամտորեն կասեր` «հապա սրա ֆրազներին տեսե՜ք»:
Չարենցը գռեհկությամբ և քինախնդրորեն է արտահայտվում մեծ հայի ցեղի մասին. ի դեպ, հանճարեղ լոռեցու ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներ շատ ազնիվ, բարի, քաջազուն մարդիկ են եղել` Մամիկոնյանների տոհմից, որոնցից երկու քաջազուններին` Մեհրաբին և Հովակիմին, Խաչատուր Աբովյանը վիպական նկարագրությամբ պատկերել է «Վերք Հայաստանի» վեպում: Բանաստեղծի հայրը` տեր Թադեոսը, շատ բարի, ազնիվ, հարգված, երաժշտասեր, կրթալուսավորական, թատերական գործին նպաստող մարդ էր: Եղբայրներից երկուսը զոհվել են հայրենիքի համար մարտնչելիս: Տաղանդաշատ որդին` Արտավազդը, կամավոր մեկնել է Արևմտյան Հայաստան և նահատակվել այնտեղ: Ավագ որդին` Մուշեղը, նույնպես հայ կամավորների շարքերում է եղել: 1937 թ. Թումանյանի երեք շնորհալի որդիները զոհ դարձան Չարենցի այնքա՜ն փառաբանած բոլշևիկյան հեղափոխությանը, լենինյան վիժվածքի բռնությանը: Մեծագույն հայի սիրասուն դուստրերը, կինը տարիներ շարունակ իրենց զարմանալիորեն հյուրասեր, սրտաբաց, ժպտերես, առատաձեռն հարկի տակ, փառապանծ «Վերնատանը» մեծագույն սիրով ու ջերմությամբ ընդունել են հարյուրավոր հայ մտավորականների, գործիչների, հերոսների, օտարերկրացիների. և հանկարծ, տասնամյակներ անց Թումանյանի ցեղը, դուստրերը, մանավանդ Նվարդը, պիտակավորվում են քստմնելի բառերով:
Եվ այդ «վատահամբավ» Նվարդը եղեռնի չարագուշակ տարիներին, իր պայծառագույն հայրիկի հետ, վտանգելով կյանքն ու առողջությունը, Էջմիածնի տարածքում գետնաքարշ սփռված տասնյակ հազարավոր տառապյալ, զանազան հիվանդություններով վարակված, սովահար հայրենակիցներին էր խնամում, սփոփում, հուսադրում, օգնում: Ինչպես Վահան Թոթովենցն է նկարագրում`«Թումանյանը մի մեռնողից մյուսն էր վազում, աչքները փակում, հրամայում, կարգադրում, պահանջում, խնդրում, համոզում, մկրատը ձեռքին պատանիների, աղջիկների ոջլաշաղախ մազերն էր խուզում` փրկելու տիֆից, վարակիչ այլ հիվանդություններից... », իսկ Լեոն` «Թումանյանը դժոխքի մեջ է գործում, բարեբախտաբար չի գժվում». սակայն երեք ամսով հիվանդանում է և կարող էր տարափոխիկ հիվանդությունների զոհը դառնալ` անձնազոհ դստեր հետ միասին:
Համաշխարհային գրականության ասպարեզում բացառիկ անհատներ թերևս մերձեցած լինեն մարդկային կատարելության. նրանցից է, իհարկե, ամենայն հայոց հանճարեղ բանաստեղծը, հանճարեղ քաղաքացին, հանճարեղ մարդը, որբերի հայրը, երիտասարդ գրողների ուսուցիչն ու խորհրդատուն, անձնազոհ հայրենասերը, մարդ, որ տասը հասարակական կազմակերպություն էր ղեկավարում, քաջարի ձիավոր դարձած տարբեր ժամանակներում ցարիզմի հրահրած ազգամիջյան բախումներն էր փորձում կանխել` կյանքը վտանգելով. և ճշմարիտ է ասել մեծագույն մարդասերն ու ժողովրդասերը` «Կյանքիցս (այսինքն` ստեղծագործական կյանքից) շատ տարիներ գողացա»: Եվ հանկարծ այս զարմանահրաշ մարդու, նվիրյալ հայրիկի ցեղը, նաև նրա դաստիարակած դուստրերը արժանանում են այդպիսի քստմնելի գնահատականների։
Դավիթ Գասպարյանը հեռուստատեսային ելույթներից մեկում հայտարարում էր` գրողին պետք է ներկայացնել այնպես, ինչպես կա կյանքում: Արդյոք հատորում զետեղված սեքսուալ-պաթոլոգիկ այդ աղտեղությունները բանաստեղծի գլխին լուսապսա՞կ են դնում, թե՞ ստվերում են նրա հանճարեղ գործերը, պսակազերծում նրա մարդկային կերպարը:
Ինչպե՞ս գնահատել ոմանց, երբ մեկը Չարենցի մարդկային կերպարը վարկաբեկելով, սեքսուալ աղտեղություններով առևտուր է անում ոմն օտար Ռասելի հետ, մյուսն էլ դրանք հրամցնում է ընթերցողին` ներկայացնելով որպես գրականագիտական սենսացիա: Թերևս, սեքսուալ այդ աղտեղությունները հրապարակելով, մենք սեռամոլորյալ, եվրամոլորյալ քարոզչություն ենք անում. պարզապես զավեշտալի է, որ սեռամոլորյալ հետաքրքրասիրությամբ սենսացիաներ սարքող մարդիկ զզվելիորեն տնտղում են մեծերի անկողինները։
Տիկնայք և պարոնայք, այդպիսի աղտեղություններ հրապարակելու փոխարեն, պահանջեք Երևանի կենտրոնում կանգնեցնել, ինչպես Վանուհի Թովմասյանն է առաջարկել, Լեռ Կամսարի, Երվանդ Օտյանի, Հակոբ Պարոնյանի միասնական եռաքանդակը` մարդկային մոլորյալ ախտերը մերկացնող նրանց ծաղր արտահայտություններով, որ այսօրվա փանջունիները, աբիսողոմաղաները ճանաչեն իրենց ինքնագոհ, պոռոտախոս, տգետ կերպարները:
Մարդ չի կարող կատարյալ լինել` աստվածանալ, բայց կարող է մերձենալ կամ գոնե մերձմերձենալ դրան և մարդկային, գրչընկերային փոխհարաբերություններում, բացի հանճարեղ գործեր ստեղծելուց, արժանավայել ապրել, հարաբերվել: «Լռել և մաքուր մնալ»` հանճարեղ է ասել Նիցշեն. իհարկե, սա լիովին ընդունելի է իր դրական առումով: Թերևս շատ մարդկային կլիներ, եթե նման մտածողությամբ առաջնորդվեր Չարենցը, նաև Գասպարյանը:
Իսկ Չարենցը երբեք չի լռել։ Թերևս բանաստեղծի հանճարեղ գործերը արժեր առանձին հատորով հրատարակել` զատելով ներբողական նողկալի կեղծիքներից. թե չէ` «Ես իմ անուշ Հայաստանի» հանճարեղ գործը դուրս կվազի հատորներից` կողքին տեսնելով ոխերիմ թշնամիներին` Լենինին, Ստալինին, որոնք ամենայն ստորությամբ վաճառեցին մեր բոլոր սրբությունները` դարձնելով` «որպես անհաս փառքի ճամփա...»։
Այնուամենայնիվ, մեծ բանաստեղծը` Չարենցը, մարդկային փոխհարաբերություններում չի փայլել: Ընթերցում ես գրառումների շարունակությունը և զարմանում, ինչպիսի՜ ատելություն ավագ գրչընկերոջ` Ստեփան Զորյանի նկատմամբ. չի խնայում վիրավորական բառերն ու արտահայտությունները` «միջակ տափակություն», «կույր աղիք», «իսկ ինչո՞ւ հեղափոխությունը չմաղեց այդ գավառական խլեզին», «և կա՞ արդյոք ավելի ցավալի ու տխուր բան, քան, երբ գավառացին իր հոգևոր կույրաղիքին, կարճատես կերպարանքին է հարմարեցնում անգամ այնպիսի վիթխարի ու անհուն բաները, ինչպիսին հեղափոխությունն է: Ստացվում է աբսուրդ և տխուր աբսուրդ»:
Իրոք աբսուրդ է, մեծ պոետ, երբ քո այնքան ներբողած հեղափոխությունը վաճառում է հայրենիքդ, հոշոտում ժողովրդիդ զավակներին, ազգիդ հելիկոնը և վերջապես քեզ։ Իսկ դու այդ հեղափոխության թունավոր կեղտի մեջ վարկաբեկում, դահիճներին կոչ ես անում` թե ինչու հեղափոխությունը չմաղեց նրան` գրչընկերոջդ, ինչպես հազար-հազար անմեղների: Եվ պատահական չէր, որ գայթակղված այդ սին, մարդատյաց հեղափոխությամբ, այդպես անգթորեն պիտակավորում ես գրչընկերներիդ. ահա, 1931 թ. հայտնվելով այն պահին, երբ խորհրդային դաժանաբարո քննիչը հարցաքննում էր հանճարեղ Լեռ Կամսարին, հանգիստ խղճով աջակցում ես մարդատյաց քննիչին, ասելով` «նա բուրժուա է, պետք է նստեցնել»:
Մեծ պոետ, ինչո՞ւ այդքան ուշ հասկացար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ մարդատյաց հեղափոխությունը, և այն իրականացրած դահիճները, որոնց այնքա՜ն ու այնքա՜ն փառաբանել ես: Իսկ Լեռ Կամսարը դեռ 1918 թ. ծաղրում էր քո պաշտելի Իլյիչին` այդ հակամարդուն:
Մեծն Շիրազը ափսոսանքով արձանագրում էր`«երկու անգամ պղծել եմ գրիչս` փառաբանելով դահիճներին, իսկ Լեռ Կամսարը` ոչ մի անգամ». Չարենցը` բազմիցս...
Ինչո՞ւ այսքան տխուր ստացվեց։ Թերևս կմեկնաբանի գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով, պաշտելով Չարենցին, շատ անհարգալից վերաբերվեց ամենայն հայոց բանաստեղծի նկատմամբ` վարկաբեկելով նրա ազնիվ ու քաջազուն ցեղը, սիրասուն դուստրերին, նաև՝ հանճարեղ Չարենցին:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ